Վեներաբանություն
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը:
Նման իրավիճակը պահանջում է այդ վարակի նկատմամբ համընդհանուր ուշադրության կտրուկ ավելացում:
Միզասեռական կանդիդոզը սնկային հիվանդություն է, որի հարուցիչը խմորանման սունկն է` իր մի քանի տեսակներով, որոնցից հիմնականը սպիտակն է (Candida albicans):
Կանդիդա սնկերը բուսական ծագում ունեցող պայմանական-ախտածին մանրէներ են, որոնք կարող են հայտնաբերվել անգամ առողջ մարդկանց մաշկի վրա և ներքին որոշ օրգաններում: Կանդիդան կարող է երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել, քանի որ մարդը որոշակի անընկալություն ունի այդ սնկերի հանդեպ: Սակայն արտաքին և ներքին տարբեր գործոնների ազդեցության պայմաններում նրանք ձեռք են բերում հյուսվածքները ախտահարելու և հիվանդություն առաջացնելու հատկություն: Ավելին, այդ մանրէները լայնորեն տարածված են նաև արտաքին միջավայրում` մարգագետիններում, այգիներում ու բանջարանոցներում, հողում, ծառերի կեղևի, մրգերի ու բանջարեղենի մակերեսին: Արտադրության մեջ հիգիենիկ կանոնների խախտումների դեպքում հրուշակեղենի, մրգերի ու բանջարեղենի մշակման համար օգտագործվող սարքերի մակերեսին գտնվող խմորասնկերը կարող են ախտածին մանրէների վերածվել:
Սեռական օրգանների կանդիդոզը փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով, երբեմն էլ ոչ պատշաճ վնասազերծված պարագաների (գինեկոլոգիական և ուրոլոգիական գործիքներ, բաղնիքի պարագաներ, սպիտակեղեն) միջոցով: Բացի այդ, միզասեռական օրգանների կանդիդոզային վարակը կարող է անցնել տվյալ հիվանդի այլ օրգաններ ևս:
Կանդիդոզի զարգացմանը նպաստում են արտաքին և ներքին ծագման բազմաբնույթ գործոններ. շրջակա միջավայրի բարձր ջերմություն ու խոնավություն, օրգանիզմի արտաքին ծածկույթների մեխանիկական, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական վնասվածքներ, իմունային համակարգի անբավարարություն, այդ թվում` ՁԻԱՀ, վիտամինների անբավարարություն, ներզատական գեղձերի և արյան հիվանդություններ, հակաբիոտիկների, հորմոնային, բջիջները ընկճող պատրաստուկների երկարատև ու առանց բավարար հսկողության օգտագործում, իոնային ճառագայթում և այլն: Բացի վերը թվարկվածներից, սեռական օրգանների կանդիդոզի առաջացման պատճառ են դառնում նաև անկանոն սեռական կյանքը, սեռավարակները, անձնական ոչ բավարար հիգիենան, բնածին երկար թլիփը, հղիության ընդհատումները, ծննդաբերությունները և այլն:
Տարբերակում են միզասեռական կանդիդոզի երեք կլինիկական ձևեր. կանդիդակրություն, միզասեռական սուր կանդիդոզ, քրոնիկական միզասեռական կանդիդոզ: Առաջինը վերաբերում է լաբորատոր մեթոդներով խմորասնկերի հայտնաբերմանը, երբ հիվանդության կլինիկական ախտանիշները բացակայում են: Նման մարդիկ (կանդիդակիրներ) կարող են վարակի աղբյուր դառնալ սեռական զուգընկերների համար, իրենք հաճախ մնալով չհայտնաբերված: Եթե կանդիդակիրը հղի կին է, ապա նրանից կարող է վարակվել նաև նրա նորածին երեխան` ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո:
Միզասեռական կանդիդոզով ավելի հաճախ վարակվում են կանայք: Թե´ նրանց, և թե´ տղամարդկանց մոտ ախտահարումը սովորաբար սկսվում է այդ համակարգի ստորին հատվածներից, հաճախ զուգորդվելով այնպիսի սեռավարակների հետ, ինչպիսիք են քլամիդիոզը, միկոպլազմոզը, պապիլոմատոզը, հերպեսը: Նման դեպքերում զգալիորեն աղավաղվում է այդ հիվանդությունների կլինիկական պատկերը և դժվարանում ախտորոշումն ու բուժումը:
Կանդիդակրությունն ավելի հաճախ հայտնաբերվում է մարմնավաճառների մոտ, քանի որ նրանք ժամանակ առ ժամանակ ինքնաբուժման կամ կանխարգելման նպատակով, առանց որակյալ բժշկական հսկողության, ընդունում են տարբեր դեղամիջոցներ, որոնք ընկճում են տվյալ հիվանդությանը բնորոշ կլինիկական պատկերը:
Միզասեռական սուր կանդիդոզը կանանց մոտ արտահայտվում է այդ օրգանների մաշկի ու լորձաթաղանթների վառ կարմրությամբ, այտուցով, բշտիկներով, էրոզիաներով, սպիտակադեղնավուն փառով ու լոռանման զանգվածներով: Նշված օբյեկտիվ ախտանիշներն ուղեկցվում են քորի, ցավի, այրոցի զգացումով ու տհաճ հոտով: Պրոցեսը սկզբում սովորաբար ընթանում է ամոթույքաբորբի և հեշտոցաբորբի ձևով: Սուր բորբոքային երևույթները մոտավորապես մեկ ամիս պահպանվելուց հետո փոքր-ինչ մեղմանում են, ընդունում սկզբում ենթասուր, ապա քրոնիկական ընթացք: Վերջինս ժամանակ առ ժամանակ ընդհատվում է սրացումներով: Հիվանդների մի մասի մոտ բորբոքային պրոցեսը տարածվում է վերելակ ճանապարհով, ընդգրկելով ներքին սեռական օրգանները, փոքր կոնքի շճաթաղանթը, ինչպես նաև միզային ուղիները (միզուկ, միզապարկ, երիկամներ): Արյան միջոցով տարածվելով` կանդիդոզը կարող է վերածվել համընդհանուր հիվանդության, խիստ վտանգելով հիվանդի առողջությունը:
Տղամարդկանց մոտ միզասեռական կանդիդոզը հաճախ արտահայտվում է առնանդամի գլխիկի և թլիփի ներսային պատի մակերեսի բորբոքումով (բալանիտ և պոստիտ), որոնք, սովորաբար, զուգորդվում են:
Երբեմն թլիփի այտուցը կարող է այնքան ուժեղ արտահայտվել, որ դառնա թլիփային խոռոչի բացվածքի նեղացման` ֆիմոզի զարգացման պատճառ: Խոռոչի բացվածքի եզրերին հաճախ գոյանում են ճաքեր, սպիներ, որոնցում երկրորդային մանրէային վարակի ներթափանցման հետևանքով կարող են առաջանալ բարդություններ` կարմիր քամի, գորտնուկանման գերաճ, առնանդամի մեռուկացում, մոտակա ավշային հանգույցների և անոթների բորբոքում: Սնկային հիվանդությունը ժամանակին և արդյունավետ չբուժելու դեպքում հաճախ միզուկի, միզապարկի, շագանակագեղձի, մակամորձու և այլ օրգանների բորբոքումը կարող է առաջացնել կանդիդոզի տարածուն զարգացում, որի դեպքում հիվանդների մի մասի մոտ կարող է սկսվել սնկային ծագման ալերգիա: Այն արտահայտվում է մաշկի ու լորձաթաղանթների բշտիկահանգուցիկային ցանավորումով և տարբեր ուժգնության քորով: Հիվանդության ոչ համարժեք բուժման դեպքում կարող է էկզեմա առաջանալ: Ընդ որում, նման հիվանդների լաբորատոր հետազոտությամբ ցանային տարրերի մեջ հարուցիչ սնկեր չեն հայտնաբերվում, քանի որ դրանք առաջանում են ոչ թե անմիջապես սնկերի, այլ վերջիններիս կողմից արտադրված և արյան մեջ անցած թույների ներգործության հետևանքով:
Անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ հիպերգլիկեմիան` արյան մեջ գլուկոզայի բարձր պարունակությունը նույնպես կարող է դառնալ բալանոպոստիտի`առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքման պատճառ: Հաճախ լինում են դեպքեր, երբ բալանոպոստիտի առկայությունը հիմք է ծառայել մտածելու շաքարային դիաբետի մասին, չնայած հիվանդը չի ներկայացրել համապատասխան գանգատներ, սակայն հաջողվել է հիվանդությունը վաղաժամ ախտորոշել ու հիվանդին համապատասխան բուժում նշանակել:
Այսպիսով, կանդիդոզը որպես սեռավարակ լուրջ բժշկական խնդիր է ոչ միայն իր ծագման, համաճարակաբանական, այլև կլինիկական արտահայտվածության տեսակետից: Այս հարցում կարևոր դեր է խաղում հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունը, հատկապես հիվանդության տարբերակիչ ախտորոշման և բուժման առումով: Ուստի յուրաքանչյուր ոք իր մոտ վերը նկարագրված կլինիկական արտահայտություններից որևէ մեկը նկատելիս պետք է անհապաղ դիմի մասնագետի` հիվանդության բնույթը ճշտելու համար: Որքան դա շուտ կատարվի, այնքան վարակի տարածման ու բարդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներն արդյունավետ կլինեն:

Մեդ-Պրակտիկ
17.12.2015
Հարգելի Moso, բարև Ձեզ: Կարող եք գրել Ձեր հարցը, կփորձենք օգնել:




Moso
14.12.2015




Մեդ-Պրակտիկ
09.05.2014
Հարգելի ASO, բարև Ձեզ, ԲԺԻՇԿՆԵՐ խորագրում «Ընտրել որոնման եղանակը» և փնտրում ըստ անունի, կամ ազգանունի: Կամ՝ մկնիկը պահում եք Անուն Ազգանուն դաշտում և սեղմում «որոնում՝ ըստ մասնագիտության, կամ՝ ըստ աշխատավայրի»:




ASO
05.05.2014




Կարդացեք նաև

Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...


Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...


Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...


Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...


Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...


ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...


Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...


ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
- ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն